Տնտեսություն 

Համայնքներին տրվող դոտացիաներն ավելանում են

analitik.am

Մարզպետների և քաղաքային համայնքների ղեկավարների հետ Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ տարածքային կառավարման նախարարը ներկայացրել է 2014թ.-ի պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալները, համայնքներին վերաբերող այլ ծրագրեր:

Ուշագրավ է, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ, նախագծով նախատեսվում է ևս 2 մլրդ դրամ հատկացնել համայնքներին` չեզոքացնելու համար 2013թ. հուլիսից նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաև էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով համայնքային բյուջեների համար առաջացող ռիսկերը:

Միաժամանակ փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորել է 2014թ. համար կազմել իրատեսական բյուջեներ` հաշվի առնելով բոլոր ռեզերվները: Նա նաև առաջարկեց մինչև ապրիլ գույքագրում իրականացնել համայնքային ենթակայության հիմնարկներում և դրանց արդյունավետ գործունեության համար առավել օպտիմալ եղանակներ ընտրել:

Ա. Գևորգյանն առանձնահատուկ անդրադարձել է խոշոր հարկատուների կողմից հողի հարկի, գույքահարկի և վարձակալության մասով պարտավորությունները ժամանակին կատարելու հարցին: Ըստ ուսումնասիրությունների` 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություններ ունեցող սուբյեկտների մեծ մասը բաժին է ընկնում քաղաքային համայնքներին, ուստի փոխվարչապետը համայնքապետներին հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել` հարկատուների կողմից պարտավորությունների` ժամանակին և ամբողջությամբ կատարումն ապահովելու ուղղությամբ:

Նույն շարքից