Լեհաստանի Վալբժիխ քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների անդրանիկ առաջնության վերաբերյալ կայացած մամուլի ասուլիսում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ամփոփեց մրցաշարը:
«Մեր ընտրանին բավականին լավ մասնակցություն ունեցավ:
57 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը հաղթանակներից հետո թուրք ըմբիշի հետ գոտեմարտի սկզբում սխալ թույլ տվեց, որն ազդեց ելքի վրա:
61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը գերազանց գոտեմարտեր անցկացրեց: Կարող եմ ասել, որ Մեդվեդի մրցաշարում նրա ելույթներն ավելի լավն էին: Եվրոպայի առաջնությունում թուրք և ադրբեջանցի ըմբիշները բավականին փորձառու էին: Մրցումների կազմակերպիչն ազգությամբ թուրք էր և կողմնակալություն կար, երբ Վոլոդյան մրցում էր թուրք ըմբիշի հետ: Ֆրանգուլյանը շանս չտվեց ո՛չ թուրք ըմբիշին, ո՛չ մրցավարին:
65 կգ կարգում Նարեկ Սիմոնյանը 2 հաղթանակներից հետո 2 պարտություն կրեց: Նրանից սպասելիքները շատ էին, սակայն չարդարացրեց:
70 կգ քաշային կարգում հանդես եկող Իշխան Պողոսյանն ուժեղ ենթախմբում էր հայտնվել: 3-րդ տեղի համար գոտեմարտում նրան փորձը չբավականացրեց:
74 կգ քաշային կարգում 3 հաղթանակներից հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հավասար պայքար էր ծավալվել: 1:0 հաշվի ժամանակ Գրիգորը նկատողություն ստացավ և պարտվեց գոտեմարտը: Նշեմ, որ նա ավելի վաղ վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց էր թողել Մեդվեդի մրցաշարը, ժամանել էր Երևան՝ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար:
84 կգ քաշային կարգում սպասելիքները չարդարացեց Վահե Թամրազյանը: Շատ վատ հանդես եկավ նաեւ Վիկտոր Կազիշվիլին»,- ասաց Բաղդադյանը:
Նշենք, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի վերաբերյալ հնչած հարցերին պատասխանեցին, որ մինչև ապրիլի վերջ ամեն ինչ կհստակեցվի: