Սպորտ 

Հայաստանի ձյուդոյիստներն Ինգուշեթիայում հարուստ ավարի տիրացան

analitik.am

Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները մեդալների հարուստ ավարի տիրացան: Մեր երկրի հավաքականի կազմում էր 12 ձյուդոյիստ: Հայաստանի հավաքականը հանդես եկավ մարզիչներ Հակոբ Նազարբեկյանի և Նաիրի Մաթևոսյանի ղեկավարությամբ:
Ստուգատեսին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, Կաբարդինա-Բալկարիայի, Կրասնոդարի երկրամասի ուժեղագույն ձյուդոյիստները: Մասնակիցների քանակը հաշվի առնելով, մրցաշարն ընթացավ օլիմպիական մրցակարգով և կիսաեզրափակչում պարտվողները առանց սփոփիչ գոտեմարտերի գրավեցին երրորդ մրցանակային տեղը:
Հայաստանի հավաքականից բրոնզե պարգևների արժանացան Գասպար Հայրապետյանը (46 կգ), Գոռ Հովսեփյանը (50 կգ), Դավիթ Գաբրիելյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ) և Տիգրան Դանիելյանը (60 կգ):
Թիմային հաշվարկով  Հայաստանի հավաքականը, առաջ թողնելով միայն Ինգուշեթիայի և Ադրբեջանի ներկայցուցիչներին,   գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
2015-ի հունվարին կկայանա այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը և վերջնակնորեն կհամալրվի մեր երկրի պատանեկան հավաքականը: Այն մասնակցելու է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, պատանիների Եվրոպական օլիմպիական օրեր փառատոնին:

Նույն շարքից