Տնտեսություն 

Կաթնամթերքի գների բարձրացում է սպասվում

analitik.am

Միջազգային բորսաներում 2010-2013թթ չոր անյուղ կաթի 1 տոննայի գինը 3221 ԱՄՆ դոլարից հասել է մինչեւ 4991 ԱՄՆ դոլար՝ աճը կազմել է  54%, իսկ կարագի գները բարձրացել են 41,3%-ով: Այս մասին ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը՝ ընդգծելով, որ թանկացումը շարունակվում է։ «2013թ. հոկտեմբերի սկզբին 1կգ անյուղ չոր կաթի գինը 4.7 դոլար էր, նոյեմբերի կեսին՝ 5.32 դոլար, իսկ այսօր դարձել է 6.3 դոլար: Այսինքն՝ միայն 2 ամսվա ընթացքում հումքի այս տեսակի գինը բարձրացել է շուրջ 34%-ով»,- նշեց Բունիաթյանը՝ նկատելով, որ կարագի գինը վերջին 2 ամսվա ընթացքում 5.9 դոլարից հասել ՝ 6.6 դոլարի:


Անդրադառնալով հայաստանյան շուկային Բունիաթյանը տեղեկացրեց, որ գյուղացու կողմից վաճառվող կաթի գործարանային գինը 2009թ. նոյեմբերի նկատմամբ այս տարվա նոյեմբերին աճել է 42.3%-ով: «Կաթնամթերքի շուկայում առաջացած գնային անհամապատասխանությունները արդեն երկար ժամանակ է, ինչ արտադրողներին ծանր կացության մեջ են պահում։ Հիմնական արտադրատեսակների գծով՝ կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, արտադրողների կրած վնասն անցնում է 35%-ի սահմանը և փաստորեն յուրաքանչյուր լրացուցիչ միավոր արտադրանք լրացուցիչ վնաս է բերում: Այս հանգամանքը սրվում է հատկապես Ամանորին, երբ կաթը քիչ է, իսկ չոր կաթի գներն էլ ավելի բարձր են»,- ասաց Բունիաթյանը։


Որպես իրավիճակից դուրս գալու ուղիներ, Բունիաթյանն առանձնացրեց պետության օժանդակությունը՝ ԱԱՀ հարկի տարբերակված դրույքաչափ կիրառելու, պետական սուբսիդիաներ տրամադրելու միջոցով: Բացի դրանից նշեց, որ հումքի գնաճը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 35-40% կաթնամթերքի գների բարձրացում:

Նույն շարքից