Տնտեսություն 

Որքա՞ն կարժենա կենսաչափական անձնագիրը

analitik.am

Հայաստանում կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 25000 դրամ, նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ:


ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը  քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:


Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը  վավերական կլինեն  մինչև անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: 2014 թվականի հունվարի 1-ից  այն քաղաքացիները, ում անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար և նույնականացման քարտ՝ հանրապետության ներսում օգտագործելու համար: Սովորական անձնագրեր ստանալու կամ փոխանակելու  իրավունք կունենան մինչեւ 16 տարեկան քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները:


Նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից դարձնել 10 տարի, գործող 5 տարվա  փոխարեն: Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունը չի վերաբերում արդեն տրված կենսաչափական անձնագրերին: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց վերանայել վերոնշյալ  դրույթը և երկարացնել նաեւ արդեն տրված կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը:


Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 25000 դրամ, նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ:

Նույն շարքից