Տնտեսություն 

ՊԵԿ-ի պատասխանը Աբովյանի գործարարներին

analitik.am

Աբովյան քաղաքում կատարված իրադարձությունների և տարածված տեղեկությունների վերաբերյալ ՊԵԿ-ն պարզաբանում է ներկայացրել՝ ներկայացնելով իր վարկածը:

«Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝  վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն: «Հարկային տեռորի» կամ «գործ սարքելու» մասին նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական մեղքը թաքցնելու համար նախահարձակ լինելու վկայություն: Տեսչություն ներխուժել ցանկացող անձանց խմբին առաջնորդող անհատ ձեռնարկատեր Ռայա Մուշեղի Ղահրամանյանը փորձել է այսպիսով խուսափել իր անօրինական գործելաոճը բացահայտած հարկային մարմնի օրինական պահանջի կատարումից: Խնդիրը հետևյալն է.

Հիմք ընդունելով մանրամեծածախ առևտրով զբաղվող Ռայա Ղահրամանյանի ներկայացրած տվյալները` Կոտայքի տարածքային հարկային տեսչության իրականացրած հսկողական և վերլուծական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերը հայտնվել է ռիսկային համարվող հարկ վճարողների ցանկում: Տեսչությունը գրավոր ծանուցել է հարկ վճարողին, որպեսզի վերջինս հայտարարագրի իրական իրացման շրջանառությունները և վարձու աշխատողների թվաքանակը, սակայն հարկ վճարողն անպատասխան է թողել ծանուցումները: Այնուհետեւ 26.02.2013թ.-ին եւ 18.11.2013թ.-ին անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, և 2 դեպքում էլ արձանագրվել է խախտում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ  կիրառողների գործունեության կասեցման  մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն հարկային տեսչության կողմից հարկ վճարողին առաջարկվել է գործունեության կասեցումը փոխարինել տուգանքի վճարմամբ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ենթակետի դրութների համաձայն:

Հարկային վարչարարության շրջանակներում Կոտայքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողական աշխատանքների  արդյունքում պարզվել  է նաեւ, որ անհատ ձեռնարկատիրոջ երեք հսկիչ-դրամարկղային մեքենաները` գրանցված  Աբովյան Հանրապետության 20 հասցեում, չեն գտնվում նույն տարածքում, այլ տեղադրված են տարբեր հեռավորությունների վրա գտնվող եւ առանձնացված տարբեր մուտքերով շինություններում, որից ակնհայտ է, որ հարկ վճարողը միաժամանակ երեք խանութներով չի կարող գործունեություն ծավալել`  ունենալով  1 վարձու աշխատող, ինչպես հայտարարգրել էր Ռ. Ղահրամանյանը: Բացահայտումների մասին հարկային տեսչության աշխատակիցները տեղեկացրել են անհատ ձեռնարկատիրոջը եւ այդ  պահին  խանութներում արձանագրել  7 աշխատող:

Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը:

Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հարկային մարմնի օրինական գործողություններն ընդունել չցանկացող անձանց անհիմն բողոքը չի կարող հիմք լինել, որպեսզի հարկային ծառայությունը չկատարի օրենքի պահանջը:

ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի»,- ասվում է ՊԵԿ-ի հայտարարության մեջ:

Նույն շարքից