Սպորտ 

Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց վրացի շախմատիստին

analitik.am

Երուսաղեմում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում երեկ կայացան 5-րդ տուրի պարտիաները:



Մեր շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւերով հաղթեց իսրայելցի Իդո բեն Արցին: Ապա միավոր վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը նույն խաղաքարերով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Պանցուլայային:



Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը, որը հաջող էր մեկնարկել մրցաշարում, ցավոք, ուկրաինացի Պավել Էլյանովի հետ պարտիայում անվստահ անցկացրեց վերջնախաղը եւ առաջին պարտությունը կրեց:



Մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաեւ առաջին կարգային Արման Միքայելյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:



Հինգ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը վաստակել է 4 միավոր եւ ընդամենը կես բալով է ետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Անտոն Կորոբովից: Կարեն Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանն իրենց ակտիվում ունեն 3,5-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Միքայելյանը՝ 3-ական միավոր:

Նույն շարքից