Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը փոքր-ինչ բարելավել է իր դիրքերն ամերիկացիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ 2.5։1.5 հաշվով, իսկ կանանց թիմը ոչ–ոքի է խաղացել Ղազախստանի ներկայացուցիչների հետ։
Տղամարդկանց առաջնությունում ոչ–ոքի են ավարտվել Լևոն Արոնյան–Սամուել Շանկլենդ, Սերգեյ Մովսիսյան–Ալեքսանդր Լինդերման, Վլադիմիր Հակոբյան–Ալեքսանդր Օնիշչուկ պարտիաները։ Տուրի ելքը որոշել է հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակը Դանիել Նարոդիցկու հետ խաղում։
Համանման արդյունքով ուկրաինացիները հաղթել են հնդիկներին, իսրայելցիները` կուբացիներին, իսկ չինացիները` եգիպտացիներին, Ռուսաստան–Հունգարիա հանդիպումն ավարտվել է ռուսների հաղթանակով` 3.5։1.5։
Հինգ տուրից հետո առաջատար են Ուկրաինան և Չինաստանը` 8–ական միավոր, այնուհետև Իսրայելն ու Կուբան են` 7–ական, Հնդկաստանն ունի երկու միավորով պակաս, 4–ական միավոր` Հայաստանի, Հունգարիայի և Ռուսաստանի հավաքականները, իսկ ԱՄՆ–ն` 2 միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը մեկ միավորով։
Կանանց առաջնությունում հինգերորդ տուրի արդյունքները հետևյալն են` Հայաստան–Ղազախստան` 2։2, Վրաստան–Ուկրաինա` 2.5։1.5, Ռուսաստան–Եգիպտոս` 4։0, Չինաստան–Լեհաստան` 3։1, ԱՄՆ–Հնդկաստան` 1։3։