Սպորտ 

Գովեստի խոսքեր Հայաստանի և Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների դարպասապահների հասցեին

analitik.am

Հազվադեպ է պատահում, որ ֆուտբոլային թիմերի մարզիչները գովեստի խոսքեր են ուղղում իրենց թիմերի դարպասապահների հասցեին: Եվ ահա, այս առումով համաժամանակ ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի և Իսպանիայի ազգային հավաքականների դարպասապահներ Ռոման Բերեզովսկին և Իկեր Կասիլիասը:


Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, որը նախկինում նույնպես դարպասապահ է եղել, հայտնել է, որ  Բերեզովսկին իր ակումբի հիմնական դարպասապահն է:


«Նա իր տեղը մեկնարկային կազմում վաստակել է ոչ թե անձնագրով, այլ խաղով: Երբ դարպասապահներ Շունինն ու Գաբուլովը մնում են պահեստայինների նստարանին, իսկ խաղադաշտ է դուրս գալիս 40-ամյա Ռոման Բերեզովսկին, դա վկայում է այն, որ նա շատ բարձր կարգի դարպասապահ է: Դժվարին իրավիճակում նա կատարեց իր աշխատանքը, և մենք Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք ստացանք, քանի որ դարպասում Բերեզովսկին էր»,- ասել է Չերչեսովը:


Ֆուտբոլիստների, մասնավորապես Բերեզովսկիի աշխատանքային նոր պայմանագրերի մասին նա խուսափել է որևէ բան ասել, բայց տեղեկացրել է, որ բոլոր հարցերը քննարկվում են մարզական տնօրենի հետ: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է 2015-ի ամռանը:


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին էլ հայտարարել է, որ ակումբի հիմնական դարպասապահն Իկեր Կասիլյասն է: «Կարծում եմ, որ Կասիլյասի ապագան կապված է ակումբի հետ: Նա «Ռեալի» պատմության մի մասնիկն է, և երբ Իկերը որոշի հեռանալ, նրա անունը կգրվի Սանչեսի, Երոյի, Ամանսիոյի, Խենտոյի նման ֆուտբոլիստների անունների կողքին»,-պարզաբանել է իտալացի մասնագետը:

 

Նույն շարքից