Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականին չի հաջողվում միավոր վաստակել

analitik.am

Մոլդովայի Օրհեյ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների 2015-ի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի 3-րդ խմբի ընտրական մրցաշարի 2-րդ տուրի Իսլանդիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը:

Մերոնք զիջեցին 0:2 հաշվով:
Խաղի 13-րդ րոպեին Մանի Հիլմարսոնը գրավեց մեր թիմի դարպասը:36-րդ րոպեին նրա թիմակից Էրլինգուր Ագնարսոնը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2:0:

Ստուգատեսում մարզիչ Արամ Դանիելյանի սաները երկրորդ պարտությունը կրեցին և զրկվեցին էլիտ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Երկու օր առաջ Քիշնևում կայացած մեկնարկային տուրի խաղում մեր երկրի ֆուտբոլիստները 0:3 հաշվով զիջել էին Իտալիայի ներկայացուցիչներին:
Այսօր իտալացիները 3:0 հաշվով պարտության մատնեցին Մոլդովայի հավաքականին:

Նրանք վաստակած 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում է  Իսլանդիայի հավաքականը` 4 միավոր: Մոլդովացիները 1 միավորով 3-րդն են, իսկ Հայաստանի ընտրանին դեռ ոչ մի միավոր չունի և  եզրափակում է աղյուսակը:
Հոկտեմբերի 20-ին կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Մոլդովայի ներկայացուցիչների, իսկ իտալացիներն էլ  Քիշնևում կհանդիպեն իսլանդացիների հետ:

 

Նույն շարքից