Սպորտ 

Ռեկորդներ` Անգլիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի առաջին իսկ խաղում

analitik.am

Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 4:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ: Տանտերերի թիմից բոլոր գնդակներն էլ մրցակցի դարպասը խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Ուշագրավ է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող էր ավելի բարձր ցուցանիշի հասնել, եթե առաջին խաղակեսում չվրիպեր 11 մ-ոց տուգանային հարվածն իրացնելիս: Ի դեպ, 11 մ-ոց տուգանային հարվածը  62-րդ րոպեին անվստահ իրացրեց  նաև «Տոտենհեմի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն: Այդ պահին նրա թիմը պարտվում էր 1:2 հաշվով: Ընդ որում, հանդիպման գլխավոր մրցավարը ռեկորդային թվով` 4  11 մ-ոց տուգանային հարված նշնակեց` 2-ական ամեն թիմի օգտին:

Ագուերոն դարձավ Անգլիայի առաջնություններում «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա մրցակիցների դարպասը գրավել է 61 անգամ: Նախորդ ռեկորդակիրը նույնպես արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսն է՝ 58 գոլ:

Ագուերոն  Անգլիայի ընթացիկ առաջնությունում միակ ֆուտբոլիստն է, որը մեկ խաղում 4 գնդակ է խփել մրցակցի դարպասը:


Տեխնիկական արդյունքներ


«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 4:1

Սերխիո Ագուերո, 13, 20 (11 մ), 68 (11 մ), 75 – Քրիստիան Էրիկսեն, 14

Հեռացում՝ Ֆեդերիկո Ֆազիո, 67 («Տոտենհեմ»)

Չիրացված 11 մետրանոցներ՝ Սերխիո Ագուերո, 32 – Ռոբերտո Սոլդադո, 62

 

 

Նույն շարքից