Սպորտ 

Հենրիխ Մխիթարյան թիմի ձախորդ օրերը շարունակվում են

analitik.am

Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց ուժեղագույնների խումբ վերադարձած «Քյոլնին»: Այսպիսով, «Բորուսիայի» ձախորդ օրերը շարունակվում են:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում էր վնասվածքն ապաքինած Մխիթարյանը, թեև մինչև հանդիպումն այն տրամադրությունն էր գերիշխողը, որ նա չի խաղա:

Ընդ որում, վնասվածքներից հետո կրկին շարք էին վերադարձել և խաղադաշտում էին նաև Հենրիխի խաղընկերներ Մարկո Ռոյսը և Իլկայ Գյունդողանը, բայց բոլորն էլ անկարող էին փրկել իրենց թիմին նոր անախորժությունից:

«Բորուսիան» 7 միավորով 14-րդ տեղում է: Իսկ ահա, առաջատարը` Մյունխենի «Բավարիան», հնարավորությունը  ձեռքից բաց չթողեց: Այն սեփական հարկի տակ  6 անպատասխան գնդակ խփեց աղյուսակի վերջին`18-րդ հորիզոնականը զբաղեցնող Բրեմենի «Վերդերի» դարպասը և միավորների իր պաշարը հասցրեց 20-ի:

 


Տեխնիկական արդյունքներ


«Քյոլն» - Դորտմունդի «Բորուսիա»՝ 2:1

Կևին Վոգ, 39, Սիմոն Զոլեր, 74 – Չիրո Իմոբիլե, 48

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6:0

Ֆիլիպ Լամ, 20, 79, Խաբի Ալոնսո, 27, Թոմաս Մյուլեր, 43 (11 մ) Մարիո Գյոտցե, 45, 86

 

Նույն շարքից