Տնտեսություն 

Մեկ շաբաթում Հայաստանի բանկերի դրամային վարկերն աճել են, իսկ դոլարային վարկերը նվազել են

analitik.am

Նոյեմբերի ամսվա ընթացքում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 37.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը կազմել է 12.7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:


Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115.2 մլն.ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 18.1%), և վաճառվել 107.1 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 3.7%): Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.4 մլն.EUR, 545.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`39.3%), և վաճառվել է 18.6 մլն.EUR, 549.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 48.8%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 755.7 մլն ռուբլի, 12.15 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 8.3%), և վաճառվել է 116.4 մլն.ռուբլի, 12.31 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 20.4%):


Արտարժույթի միջբանկային շուկայում իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 5.9 մլն.դոլար, 404.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, ընդ որում, նախորդ շաբաթ այս հարթակում գործարքներ չեն եղել, իսկ երկշաբաթյա կտրվածքով ծավալներն աճել են մոտ 3 անգամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 21.7 մլն.դոլար (շաբաթվա աճը` 14.8%), 404.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 28-ին` 7.750 մլն.դոլար, իսկ նոյեմբերի 26-ին և 29-ին գործարքներ տեղի չեն ունեցել:


Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ:

Նույն շարքից