Սպորտ 

Ալբերտ Թադեւոսյան. Հուսով եմ՝ Դանիային եւս կհաղթենք, որտեղ մեզ կօգնեն նաեւ երկրպագուները

analitik.am

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Ալբերտ Թադեւոսյանը: Հաղթական խաղից հետո հայ բասկետբոլիստը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել եւ հույս ունեմ, որ հետագա խաղերում եւս հաղթելու ենք:

Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել: Սակայն, հավաքականների դեպքում դա նորմալ է:

Այս հանդիպումից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին եւ պետք է կարողանանք հաղթանակ տոնել  նաեւ այդ խաղում: Կարծում եմ՝ Երեւանում տեղի ունեցող Դանիայի դեմ խաղում, կօգնեն նաեւ մեր երկրպագուները, որոնք մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- ասել է Թադեւոսյանը:

Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամը 19:00ին, ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (Միկա):

Նույն շարքից