Սպորտ 

Ռոնալդուն ընդդեմ Մեսսիի. իսպանական կլասիկոյից առաջ

analitik.am

Հոկտեմբերի 25-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին «Սանտյագո բերնաբեու» մարզադաշտում ֆուտբոլի Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակում կկայանա Մադրիդի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը:

Կլասիկոյում գրավախաղերի կազմակերպիչները ավելի մեծ են համարում մադրիդյան ակումբի հաղթելու հնարավորությունները:

Թիմերը նախկինում միմյանց  հետ մրցել են 228 անգամ: «Ռեալը»  91 հաղթանակ  է տարել,  89 պարտություն կրել: 48 հանդիպում ոչ-ոքի է ավարտվել:

Մադրիդցիների ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել են 11:1 հաշվով, իսկ կատալոնացիները  «արքայական» ակումբի նկատմամբ առավելության են հասել 7:2 և 5:0 հաշիվներով:

Ընթացիկ մրցաշրջանում վաղեմի մրցակիցները միմյանց նկատմամբ մեկական հաղթանակ են տարել:

Մարտին «Սանտյագո բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիներն առավելության էին հասել (4:3), որից հետո արդեն «Կամպ նոու» մարզադաշտում, Իսպանիայի գավաթի եզրափակչում հաղթել են մադրիդցիները (2:1):

«Ռեալը» վերելքով է խաղում, արդեն 8 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 18 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և «Բարսելոնայից», որն առջևում է,  հետ է մնում 4 միավորով:

Կլասիկոյում  սպասվում է կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսի նորամուտը: Հիշեցնենք, որ ուրուգվայցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, իտալացի Կյելինիին կծելու համար, որակազրկվել էր և երկար ժամանակ պաշտոնական խաղերի չի մասնակցել:

Սակայն այդ մրցամարտում ուշադրության կենտրոնում կլինեն կատալոնական և մադրիֆդյան թիմերի աստղեր Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:

 

 

Նույն շարքից