Տնտեսություն 

Հայաստանը Մաքսային միություն դատարկ ձեռքով չի գնում. Տիգրան Սարգսյան

analitik.am

Հայաստանը Մաքսային միություն դատարկ ձեռքով չի գնում: Այս մասին Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք վստահ ենք, որ կարող ենք թարմ հոսանք և նոր գաղափարներ մտցնել Միության կյանքում: Մեր երկիրը տրանսպորտային շրջափակման պայմաններում է, և, չունենալով  բնական հարուստ պաշարներ, չունի նաև կայուն տնտեսական աճով բաց տնտեսության մոդել ստեղծելու հնարավորություն», – ասել է վարչապետը:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին հանրապետությունը կարողացել է բարեփոխել մի շարք պետական կառույցներ, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարների և ներդրողների համար: «Համաշխարհային բանկի Doing Business ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ երկրների շարքում, իսկ աշխարհի 188 երկրների շարքում`  37-րդ տեղը: Համեմատական առավելությունների շարքին, որոնց օգտագործումը կարող է փոխշահավետ լինել և' Հայաստանի, և' ՄՄ-ի երկրների համար, կարելի է դասել նաև  Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ աշխարհաքաղաքական  հարևանությունը և բարեկամական հարաբերությունները: Բացի դրանից, դա նաև բարենպաստ տնտեսական ռեժիմն է եվրոպական երկրների հետ: Հայաստանն ունի GSP+ ռեժիմը ԵՄ-ի հետ, որը օգնում է մեր շատ ընկերություններին, այդ թվում նաև` Հայաստանում գործող ռուսական ընկերություններին, վաճառել իրենց ապրանքները ԵՄ-ի տարածքում առանց մաքսատուրքերի», – հայտարարել է վարչապետը:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ վերջերս ԵՄ-ի դատարանը բավարարել էր «Ռուսալ» ԲԲԸ ընկերության միջնորդությունը և  չեղյալ հայտարարել  հակագնագցման (հակադեմփինգային) պարտականությունները Հայաստանում դրա դուստր ձեռնարկության` «Արմենալ» ՓԲԸ-ի համար: «Իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք արտադրանքը վաճառել առանց սահմանափակումների` կիրառելով  GSP+ ռեժիմը: Եվ Հայաստանում ռուսական կապիտալով գործող 1450 ձեռնարկություններ կարող են օգտվել հենց այդ արտոնյալ ռեժիմից: Մենք կարծում ենք, որ դա բարձրացնում է նաև Հայաստանի ներդրումային  գրավչությունը: Եթե դրան հավելենք ազատ տնտեսական գոտին, ստեղծված  «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ բազայում, ապա կարելի է եզրակացնել, որ  ռուսական ներդրողները կարող են  այդ գոտում ներդրումներ կատարել և օգտվել հարկային արտոնություններից», – հավելել է Սարգսյանը:

Նույն շարքից