Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակցուհին՝ միջազգային ծրագրի մասնակիցների թվում

analitik.am

2014 թ. սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 9-ը կայացավ Global Sports Mentoring ծրագիրը: Աշխարհի 17 երկրների շարքում Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում վերոնշյալ ծրագրին: Մեր երկիրը ներկայացնում էր ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:

Ծրագիրն իրականացվել է espnW-ի, ԱՄՆ Պետքարտուղարության և Թենեսիի համալսարանի Սպորտի, Խաղաղության և Հասարակության հետ կապերի կենտրոնի համագործակցությամբ: Ծրագրի ընթացքում ընտրված 17 մասնակիցները  հնարավորություն ունեցան անցնելու չորսշաբաթյա մենթորական պրակտիկա ամերիկյան սպորտի և բիզնեսի ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց գլխավորությամբ:         

Ծրագրի նպատակն էր մշակել գործողությունների ստրատեգիական պլան, որը հնարավորություն կտար մասնակիցներից յուրաքանչյուրին ավելացնել կանանց և աղջիկների դերն ու ներգրավվածությունը իրենց երկրների սպորտային ոլորտում:

16 այլ մասնակիցների հետ միասին անցկացնելով սեմինարներով, բազմապիսի այցելություններով, հաղորդակցությամբ և մենթորական ընդհանուր խորհրդատվությամբ հագեցած արդյունավետ շաբաթ՝ Նաիրա Աբրամյանը միացավ իր մենթորական կազմակերպությանը՝ Women in Cable Telecommunications-ին (WICT): Աբրամյանը մասնակցեց Նյու-Յորքում տեղի ունեցած WICT-ի ամենամյա Առաջնորդ Կանանց Կոնֆերանսին, որը փայլուն հնարավորություն էր հանդիպելու կաբելային հեռուստահաղորդակցության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց:

Ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրին իրենց գործողությունների պլանները, որոնք, չնայած տարբերվում էին միմյանցից իրենց բովանդակությամբ, բայց ունեին մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ստեղծել հավասար հնարավորություններ կանանց և աղջիկների համար իրենց երկրների սպորտային ոլորտում:

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ 17 մասնակիցները հանդիպեցին իրենց մենթորների, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով օգնական Էվան Ռայանի և ավագ խորհրդական Միշել Կվանի հետ:

Ներկայումս Նաիրա Աբրամյանը վերադարձել է Հայաստան և կշարունակի համագործակցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր Գործողությունների Պլանը՝ նպաստելով կանանց ֆուտբոլի զարգացմանը և ավելացնելով կանանց և աղջիկների ներգրավվածությունը սպորտում՝ տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

 

Նույն շարքից