Սպորտ 

Ռաուլը կխաղա «Նյու Յորք Կոսմոսում»

analitik.am

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող  Ռաուլ Գոնսալես Բլանկոն կհամալրի  ԱՄՆ-ի «Նյու Յորք Կոսմոս» թիմի կազմը:  «Նյու Յորք Կոսմոսը» հանդես է գալիս Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում: Գործարքի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում: 37-ամյա Ռաուլը կզբաղեցնի նաև ակումբի երիտասարդական ակադեմիայի տեխնիկական խորհրդականի պաշտոնը։ Ակադեմիան կբացվի հաջորդ տարի։ Իսկ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, Ռաուլն ամբողջովին զբաղվելու է ակադեմիայի գործերով։

Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ. հունիսի 27-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Ռաուլը 16 տարի շարունակ հանդես է եկել արքայական ակումբում և դարձել նրա կուռքն ու խորհրդանիշը:

Ռաուլը մեծացել է Մադրիդի մերձակայքում: Նրա հայրը` դոն Պեդրոն, եղել է Մադրիդի «Աթլետիկո» թիմի մոլի երկրպագու: Դոն Պեդրոն երազում էր իր որդուն տեսնել հենց այդ թիմի կազմում, սակայն Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ճակատագիրը կապեց նրան Մադրիդի «Ռեալի» հետ և շատ շուտով դարձավ այդ թիմի առաջատարներից մեկը: Ռաուլը իր խփած գոլերի քանակով արքայական ակումբի լավագույն ռմբարկուն է: Նա շրջանցեց լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Ռաուլը Մադրիդի «Ռեալում» անցկացրած 16 տարվա ընթացքում 323 գոլ է խփել:

Իսպանացի ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Կատարի «Ալ Սադը», որի կազմում նա խաղում էր 2012-ից: 

Նույն շարքից