Տնտեսություն 

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը արտագաղթի պատճառ

analitik.am

Հայաստանի Ազգային ժողովում ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանական չորս խմբակցությունների անունից (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ  եւ «Ժառանգություն») խորհրդարանականներին է ներկայացրել կենսաթոշակային կուտակային համակարգը ներդնելու դեմ հայտարարություն: 


Ըստ Մինասյանի` թեև  պարտադիր բաղադրիչը Հայաստանի առջև դրված սոցիալ-տնտեսական մարտահրավերներին չի համապատասխանում սոցիալական, քաղաքական, տնտեսական տեսակետներից, «այնուամենայնիվ, կառավարությունը ներկայացրել է այս օրինագիծը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը հավանություն է տվել: Այս փոփոխությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կառավարությունն ունակ չէ շտկել երկրում ժողովրդագրական իրավիճակը, երբ մեկ աշխատողին բաժին է ընկնում մեկ թոշակառու: Բացի դրանից, կառավարությունը խնայողությունները տալիս է մասնավոր հիմնադրամներին, սակայն մասնավոր հատվածի վրա նոր աշխատատեղեր ստեղծելու պարտավորություն չի դրվում»:


Մինչդեռ, ըստ պատգամավորի, երկրի տնտեսությունում այդ գումարները պահելու համար կառավարությունը պետք է այն իր ձեռքը վերցներ և ներդրում կատարեր տնտեսության մեջ` աշխատատեղեր ստեղծելով: Ըստ Մինասյանի` քաղաքացիների 70%-ի տները գրավ է դրված, իսկ այդ նորարարություններով բանկերին հավելյալ միջոցներ կտրամադրվեն, որպեսզի քաղաքացիները 100%-ով հայտնվեն տոկոսների տակ:


«Եթե մարդը ապրուստի միջոց չունի կամ էլ նրա  վաստակածը հազիվ է բավարարում ամենօրյա ծախսերին, ապա ինչպե՞ս հնարավոր  է կուտակել, մի՞թե դա մարդկային մոտեցում է»,- հայտարարել է Մինասյանը, նշելով, որ այսօր նույնիսկ միջինից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար է դժվար կուտակման գործընթացը:


Մինասյանը կարծում է, որ կենսաթոշակային բարեփոխումները կարող են արդյունավետ լինել, եթե հասարակության և քաղաքական ուժերի միջև վստահություն լինի:  «Չի կարելի կտրուկ միջոցների դիմել և պարտադրել հասարակությանը, որը կհանգեցնի երկրից բնակչության արտագաղթի աճին»:

Նույն շարքից