Տնտեսություն 

ՀԱԿ-ը պահանջում է հետաձգել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը

analitik.am

Կենսաթոշակային ռեֆորմի հաջողության միակ գրավականն անվերապահ վստահությունն է կառավարության ծրագրի նկատմամբ: Հայաստանի կառավարությունն այդ վստահությունը չունի, և արդեն միայն այդ պատճառով ռեֆորմը դատապարտված է տապալման: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին:


«Եթե այս կառավարությանը թույլ տրվի իրականացնել այս ռեֆորմը, ապա միակ արդյունքը լինելու է դրա հիմքում ընկած լավ գաղափարների վարկաբեկումը, համատարած հիասթափությունը և արտագաղթի խորացումը»,- նշել է նա:


Ըստ Զուրաբյանի, պարտադիր վճարումների այս ռեֆորմը նաև վաղաժամ է. ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ: «Մենք այսօր պետք է նախ և առաջ հանգցնենք մեր բնակարանը մոխրի վերածող հրդեհը: Այս ռեֆորմը կարելի է կատարել միայն՝ հաղթահարելով քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը և արտագաղթը:


Ուստի առաջարկում ենք հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով և ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը կողմ է քվեարկելու նախագծին»,- նշել է նա՝ կոչ անելով ժողովրդին պայքարել իր իրավունքների համար: «Իշխանությունը չի նահանջի, մինչև տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում: Հաջողության բանալին՝ ԱԺ չորս խմբակցության և հրապարակում կանգնած ժողովրդի համակարգված և համախմբված պայքարն է»,- արձանագրել է Զուրաբյանը:

Նույն շարքից