Սպորտ 

Բեռնար Շալանդ. «Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները»

analitik.am

Պորտուգալիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային  հավաքականների խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

- Նախ, շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաև իմ թիմին, նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգնային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից: Բայց ես վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:

 

- Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:

 

- Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացել և ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաև նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:

 

- Միգուցե ժամանակն է՞, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք ում մասին է խոսքը…

 

- Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները. որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչև հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:

 

- Դուք ասում եք մենք հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:

 

- Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիան Եվրոպայում: Պորտուգալիան իր կազմում ունի Ռեալի խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիան միշտ էլ հարձակվողական ֆուտբոլ է խաղում և ստիպում է մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:

 

Վերջում Բեռնար Շալանդը զայրացած ավելացրեց հետևյալը.

 

«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Բացի այդ այսօր խաղին մենք ուշացած եկանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»:

 

ՀՖՖ լրատվական ծառայություն

Նույն շարքից