Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում լրագրողներին հանդիպելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ թեև դժգոհ է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալադի ղեկավարած թիմի արդյունքից, սակայն մտադիր չէ նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
Պատճառաբանությունն այն է, որ ՀՖՖ նախագահը դեռ հույս ունի, որ շվեյցարացի մասնագետը կկարաողանա շտկել վիճակը:
Հիշեցնենք, որ Շալադի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը 8 խաղ է անցկացրել, ունի մեկակական հաղթանակ և ոչ-ոքի և 6 պարտություն է կրել: Մեր երկրի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում I խմբում 3 խաղից հետո վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է վերջին 5-րդ տեղը:
«Ես ֆեդերացիայի նախագահ եմ, ես եմ նրան նշանակել հավաքականի մարզիչ: Բնականաբար, ես չեմ միջամտում հավաքականի բոլոր գործերին, բայց հայտնում եմ կարծիքս: Օրինակ՝ Արտակ Դաշյանի հետ կապված՝ նրան խորհուրդ եմ տվել հավաքական չհրավիրել, քանի որ նա չի համապատասխանում մեր թիմին: Ես Շալանդի հետ խոսելու որևէ բան չունեմ, ինքս չեմ կարող նրան տակտիկա սովորեցնել: Ինչ հայ ֆուտբոլիստ կա աշխարհում՝ մեր ուշադրության կենտրոնում է: Իսկ ովքեր «բազար» են անում ֆեդերացիայի հետ, տեղ չունեն մեր հավաքականում, oրինակ՝ Թումասյանը, Գևգեոզյանը, Մալոյանը: Մալոյանին 6 անգամ անձամբ եմ հրավիրել, բայց չի եկել: Նա «Պորշ» մեքենա է ուզել՝ տվել եմ, բայց դարձյալ չի եկել: Ես պատասխանատու եմ մեր երկրի հավաքականի, մարզիչի, ֆուտբոլիստների համար: Հաճույքով Շալանդին կհանեի, եթե իմանայի, որ նրա փոխարեն գալու է կախարդական փայտիկով մեկ ուրիշը և այդ մասնագետը կկարողանա Հայաստանում ֆուտբոլը զարգացնել, ավելորդ ժամանակ էլ չենք վատնի»,- պարզաբանեց ՀՖՖ նախագահը:
Իրականությունն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լուրջ խնդիրներ ունի և դրանք յուրովի փորձում է լուծել ՀՖՖ նախագահը, իսկ արդյունքը՝ առանց մեկնաբանությանն էլ ակնառու է: