Տնտեսություն 

Խորհրդարանում «թեժանում են» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կրքերը

analitik.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի ընդունումը հղի է ողբերգական հետեւանքներով: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է քաղաքացիներին հնարավորություն տալ որոշելու, արդյոք նրանք ցանկանում են պահումներ կատարել իրենց աշխատավարձից այդ համակարգի շրջանակներում. «Հարկավոր է, որպեսզի օրենքի ընդունումը հետաձգվի մեկ տարով եւ հարկավոր է չեղյալ համարել համակարգի պարտադր բնույթը»:


Իր հերթին իշխող ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հեգնանքով նշել է, որ խորհրդարանի չորս ոչ կոլաիցիոն խմբակցությունները կարողացել են միավորվել ու ստորագրել այդ համակարգի մասին հայտարարություն. «Չեմ հասանում, թե ինչի՞ համար եք ուրախանում: Նրա համար, որ չորս ուժեր համատեղ հայտարարությո՞ւն են ստորագրել: Նրա համար, որ Նաիրա Զոհրաբյանը առաջարկել է ժողովրդին հարցնել՝ ցանկանո՞ւմ են, որ այդ համակարգն ընդունվի, թե ոչ: Դուք ասում եք, որ ժողովուրդը չի վստահում իշխող կուսակցությանը եւ որ բարեփոխումները պետք է իրականացնեն ընդդիմադիր ուժերը: Ցանկանում եք բարեփոխումներ իրականացնել՝ դարձեք քաղաքական մեծամասնություն: Դուք հետ կանգնեցիք բարեփոխումից, հետեւաբար բնակչության աչքում միշտ արդար եք, քանի որ դեմ եք բարեփոխմանը: Տարօրինակ է, թե ինչու էիք լռում վերջին երեք տարիներին՝ իմանալով, որ նախապատրաստվում է նմանատիպ բարեփոխում»:


ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է. «Երբ մեք խոսում ենք բարեփոխման բացասական հետեւանքների մասին, նկատի չունենք ամբողջ համակարգը՝ խոսքը միայն մեկ բաղկացուցչի մասին է՝ համակարգի պարտադիր բնույթի: Յուրաքանչյուր բարեփոխում պետք է ժամանակին իրականացվի, պետք է հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, 35 տոկոս գործազրկությունը: Մենք չենք կարող բնակչության վրա նման բեռ դնել: Մենք ստիպում ենք նրանց լքել երկիրը: Մի՞թե մենք դա ենք ցանկանում»: Մինասյանի խոսքով՝ ներկայացվում է Հոլանդիայի օրինակը, սակայն ոչ ոք չի նշում, որ այդ երկրում կենսաթոշակային բարեփոխումը ունի 300-ամյա պատմություն, իսկ երկրի պետականություն՝ 500-ամյա. «Մենք ունենք քսանամյա պետություն ու ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ»:


Նշենք, որ Ազգային ժողովը կքվեարկի կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ:

Նույն շարքից