Տնտեսություն 

Գազի գինը կնվազի. Գալուստ Սահակյան

analitik.am

«ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելու արդյունքում Հայաստանում գազի գինը կնվազի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ «ՀայՌուսգազարդ» ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին:


«Ես կարծում եմ տրամաբանական կլինի, որ գազի գները նվազեն ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ շարքային սպառողների համար: Քաղաքական տեսանկյունից, բնական է, դա մեզ ձեռնտու է: Սպառողները գազը կստանան նույն գնով, ինչ ՌԴ քաղաքացիները»,-հայտարարել է Սահակյանը:


Հարցին, թե ինչի վրա է ծախսվելու «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքից ստացվող գումարը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե անկեղծ, մենք երբեք այնտեղից փող չենք վերցրել, քանի որ այդ ոլորտում շատ են ծախսերը եւ այդ 20 տոկոսը ոչինչ չէին նշանակում, որպեսզի դրանից շահույթ ստանանք»:


Հարցին, թե այս գործարքից հետո հնարավո՞ր է վերանա տրանսպորտի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ այդ բարձրացումը պայմանավորված է ոչ միայն գազի, այլեւ պահեստամասերի գներով: «Փաստաթուղթը նոր է ստորագրվել, որին կհետեւեն քննարկումներ, եւ ես դժվարանում եմ այս պահին որեւէ կոնկրետ բան ասել»,-ամփոփել է նա:

Նույն շարքից