Տնտեսություն 

Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չափազանց խիստ են

analitik.am

Իրանի նկատմամբ ապօրինի պատժամիջոցների վերացումը տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացման առավել լայն հնարավորություններ կընձեռի: Այս մասին դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին:

Նրա համոզմամբ՝ այժմ հիմնական խնդիրը Մերձավոր Արեւելքում լարված իրավիճակն է: «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Ցավոք, որոշ ուժեր իրանատյացություն են տարածում եւ մեծ ջանքեր գործադրում, որպեսզի խաղաղություն չհաստատվի: Սակայն վերջին գործընթացները ցույց տվեցին, որ տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն հաստատել», - նշել է դեսպանը, ընդգծելով, որ Իրանը ոչ մի դեպքում միջուկային զենք չի արտադրելու:

Մուհամադ Ռեիսին ընդգծել է, որ պատժամիջոցները չափազանց խիստ եւ ապօրինի էին: «Բարեկամ Հայաստանի հետ որոշ համաձայնագրերի ստորագրման տեղափոխությունը պայմանավորված էր ֆինանսական եւ բանկային խնդիրներով:  Սակայն չնայած այդ պատժամիջոցներին, Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակվում է: Իրանի կառավարության միջոցներով Ագարակ քաղաքում  եւ շրջակա գյուղերում  իրականացվում է գազիֆիկացման ծրագիր», - ասել է իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք, որ  «Վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական համաձայնություն է  ձեռք բերվել:

Նույն շարքից