Կապանի «Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովը «Украинский футбол» պարբերականի թղթացի հետ ունեցած զրույցում անդրադարձել է Կապանի ակումբից իր հեռանալու, նաև հայկական ֆուտբոլի տխուր վիճակի մասին: «Տեղյակ եմ իմ մասին գրվածին: Նշեմ, որ դրա միայն 10 տոկոսն է համապատասխանում իրականությանը: Նախ,. ոչ ոք չէր երաշխավորել, որ մենք կարող ենք առաջնությունում լինել առաջինը կամ երկրորդը: Պարզապես, խոսակցություն է եղել հավելյալ վարձատրոթյան մասին: Եթե առաջնությունում գրավեինք 2-3-րդ տեղերը, ապա այդ ժամանակ մեզ պետք է լրացուցիչ վճարեին: Հայաստանից հեռանալուց առաջ հանդիպել ենք ակումբի նոր ղեկավարներին: Նրանց խոսքերից ստացվում էր, որ ցանկանում են կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը: Ես մտածում եմ, որ նոր տարում մնացած հատվածի համար այդ թիմից ոչ ոք չի մնա: Ինչքան հասկացել ենք, ակումբի գործադիր տնօրենը նույնպես մտադիր է հեռանալ: Բանն այն է, որ նոր ղեկավարները երիտասարդ, ֆուտբոլում ոչ իրավասու մարդիկ են, դրա համար էլ չեն հասկանում թե ինչ պետք է անել: Եթե ցանկանում եք հայտնվել 1980-ականներում, կարող եք գնալ Կապան և ամեն ինչ սեփական աչքերով տեսնել: Բերեմ միայն մեկ օրինակ. Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբը, որը պայքարում է եվրագավաթների մրցաշարերի մասնակցելու համար, սեփական մարզադաշտում չունի պահեստայինների ժամանակակից նստարան, լուսատախտակ: Խաղի հաշիվները փոխում են ձեռքով և այլն: Իսկ երբ մարզադաշտում պետք է հայտարարվեն թիմերի մեկնարկային կազմերը, դուրս են բերվում հատուկ սարք և մարդը սկսում է բարձրախոսով կարդալ խաղացողների անունները: Ինչ Բարձրագույն խմբի մասին կարող է խոսք լինել»,- պարզաբանել է Պուչկովը: