Տնտեսություն 

Ազգային ժողովի դիմաց ցուցարարները սպասում են քվեարկության արդյունքներին

analitik.am

Ազգային ժողովի դիմաց ՏՏ ոլորտի 200-300 ներկայացուցիչներ և նրանց միացած հասարակական կազմակերպությունների անդամներ սպասում են Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքում փոփոխություններ կատարելու ԱԺ 4 խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) առաջարկության շուրջ քվեարկության արդյունքներին: 


Նախօրեին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանկուկյանը նախաձեռնության անդամներին տեղեկացրել էր, որ քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00:


Ակցիայի մասնակիցները՝ Դեմ եմ պարտադիրին, Ստոպ թալանին, Ստոպ կուտակային կենսաթոշակին պաստառներով արտահայտում են իրենց բողոքը 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ, որով նախատեսվում է ամսական աշխատավարձերից 5%-ի չափով պարտադիր հատկացում կենսաթոշակային հիմնադրամներին:


Այսօր ԱԺ-ի մոտ հավաքվածների թիվը ավելի մեծ է, քան նախօրեին: Մասնակիցներից Հայկ Ավետիսյանը հավաքվածներին կոչ է արել զանգել և կանչել  իրենց գործընկերներին, որպեսզի գան և սատարեն այն պատգամավորներին, որոնք այսօր կողմ են քվեարկելու այդ օրենքի կիրառությունը առնվազն մեկ տարով հետաձգելուն: ԱԺ մայթի երկայնքով կանգնած են ոստիկաններ, այդ թվում ՝ կարմիր բերետավորներ:


Հիշեցնենք, որ նախորդ անգամ նույն խնդրով հրավիրված ԱԺ արտահերթ նիստը տապալվել էր քվորումի բացակայության պատճառով. ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը նիստին չէին ներկայացել:

Նույն շարքից