Չեխիայի, Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» հավաքականների նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը չի ժամանի Երևան լեգենդար Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված խաղին` Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է խաղի կազմկոմիտեի ներկայացուցիչ Վիտալի Պրիխոդչենկոն։
Բարսելոնա–Դյուսելդորֆ ավիաչվերթն իրականացնող Germanwings գերմանական ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը երեքշաբթի վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում։ Օդանավում եղել է մոտ 150 մարդ։
«Բերգերն այդ ինքնաթիռի տոմս էր գնել, բայց երջանիկ պատահականությամբ փրկվել է, քանի որ ուշացել է օդանավակայանում։ Նա նույնպես մարդ է և նյարդային համակարգ ունի։ Ցանկացած նորմալ մարդ այդ պայմաններում առաջիկա մեկ շաբաթն ինքնաթիռ չէր նստի»,– ասել է Պրիխոդչենկոն։
Աշխարհի և ԽՍՀՄ վետերան աստղերի միջև ընկերական խաղը` նվիրված լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին, տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին։