Սպորտ 

ԽՍՀՄ-ի ֆուտբոլի աստղերն ուրախությամբ հիշեցին Հովհաննիսյանի խաղը

analitik.am

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ մամուլի ասուլիս ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի աստղերի մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպեցին Եվգենի Լովչևը, Վալերի Գազաևը, Անատոլի Բիշովեցը, Լեոնիդ Բուրյակը և Իգոր Բելանովը:

 

 

Եվգենի Լովչև. «Հիանալի է, որ հայերը մեծ ուրախությամբ և մասշտաբներով նման միջոցառումներ են կազմակերպում: Խորեն Հովհաննիսյանը շատերի և գրեթե բոլորի կարծիքով լավագույնն է: Իհարկե, Անդրեասյանը, Մարկարովը կարող են ասել, որ լավագույններն են (ժպտում է,- խմբ): Մեծ պատիվ է, որ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել Երևան: Ինձ ասացին, որ աշխարհի հավաքականի մարզիչն եմ լինելու. ինչո՞ւ, ինչպե՞ս մարզել նման մեծագույն ֆուտբոլիստներին: Մենք մեծ տոն ենք խոստանում:

 

 

Խորեն Հովհաննիսյանը յուրաքանչյուր մարզչին անհրաժեշտ էր: Կան հետաքրքիր պատմություններ, երբ նա խաղի ընթացքում 3 անգամ կարգադրություններ է ստացել»:
 



Անատոլի Բիշովեց. «Երբ ես ստացա հրավերը, միանգամից համաձայնեցի: Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլ էր խաղում, իսկ ես երեխա էի դեռ: Հիանալի հիշողություններ են մնացել Հովիվյանից: Յուրաքանչյուր  ֆուտբոլիստի համար պատիվ է Անդրեասյանի, Իշտոյանի, Մարկարովի հետ խաղալ, փոխարինել նրանց: Ես եկել եմ Երևան, որտեղ ինձ անակնկալ էր պատրաստել Ռոման Բերեզովսկին: Մթնոլորտը, ամեն ինչ հիացնում է: Ինչ վերաբերում է Հովհաննիսյանին, նա ստեղծող և ավարտող  ֆուտբոլիստ է և հիշեցնում է Ռիվելինոյին: Ես ցանկանում եմ հիշել մեկ այլ հիանալի անձնավորության` Հակոբ Տոնոյանին:

 

 

Հավելեմ, որ ես մեծ հիացումով եմ նայում Հայաստանի հավաքականին: Նա մեծ ներուժ ունեցող թիմ է, որը զարգանալուն է միտված»:

 

 

Վալերի Գազաև. «Հաճելի է տեսնել մարդկանց, ովքեր սիրում են Խորենին: Խորենը մեծագույն ֆուտբոլիստ է` աներևակայելի տեխնիկայում: Նրա հետ հիշում եմ Ֆրանսիայի դեմ հանդիպումը: Մեծ սիրով եմ ժամանել շնորհավորելու իմ լավ ընկերոջը: Խորիկին ճանաչողները լավ գիտեն թե ով է նա, ինչ օրինակ է երիտասարդ խաղացողների համար: Բոլորին շնորհավորում եմ լավ տոնի առթիվ և խոստանում, որ վաղը լավ միջոցառում է սպասվում»:

 

 

Լեոնիդ Բուրյակ. «Խորենը հայկական ֆուտբոլի դպրոցի աստղերից է: Նա միշտ իր տեղն ուներ դաշտում, շրջապատում, հավաքականում... Հովհաննիսյանն առաջին կարգի աստղ է: Մենք մեծ ուրախությամբ ենք եկել շնորհավորելու Խորենին»:

 

 

Իգոր Բելանով. «Խորենը հիանալի ֆուտբոլիստ էր, շատ լավ էր տեսնում դաշտը: Ես շնորհակալ եմ հրավերի համար, խոստանում եմ վաղն ամեն ինչ անել ֆուտբոլային ֆուտբոլային տոնի համար»:

 

 

Ասուլիսի վերջում եկած Խորեն Հովհաննիսյանը խորին շնորհակալություն հայտնեց ներկաներին իր տարեդարձի համար Երևան գալու համար:

 

 

Ալբանիա - Հայաստան խաղի վերաբերյալ հարց հնչեց Լովչևին, ով կատակեց. «Ես այժմ երկրպագում եմ աշխարհի հավաքականին»:

Նույն շարքից