Սպորտ 

Ուրվագծվեցին Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարի առաջատարները

analitik.am

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզասրահում մեկնարկեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Խաղում է 6 հավաքական:Դժվար է նախապատվությունը որևէ թիմի տալ, քանի որ բոլորն էլ վերջին շրջանում են կազմավորվել:

Մեկնարկային առաջին երկու խաղերը գրեթե նույն սցենարով ընթացան: Գրանցված հաշիվներն էլ այդ են վկայում. ԼՂՀ-ԽՄՕՄՄ` 24:34 (11:18), ՀՄԴ-Վանաձոր`22:33 (11:18): Ակնհայտորեն ուժեղ էին ԽՄՕՄՄ-ի և Վանաձորի ներկայացուցիչները: Մրցանակային տեղերի համար պայքարին կարող են միանալ նաև Աջափնյակի և Ալավերդիի հավաքականները, որոնք ուժերը չափեցին միմյանց հետ: Հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ հաղթողը լուրջ հավակնություն էր ներկայացնելու մեդալների համար պայքարում:

Առաջին խաղակեսում ալավերդցիները 2 գնդակի առավելություն ստացան, նրանք առջևում էին  17:15 հաշվով: Սպասվում էր, որ հանգստից հետո Աջափնյակի հավաքականը կկարողանա շտկել դրությունը, քանի որ ի տարբերություն մրցակցի ուներ պահեստայինների ավելի երկար նստարան` փոխարինման պատրաստ խաղացողներ:

Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ այն տպավորությունն էր, որ բեկում կկայանա, հաշվի տարբերությունը հասավ մեկ գնդակի` 25:26: Թերևս, ավելին անելուն խանգարեց այն հանգամանքը, որ վճռական պահին նյարդերը տեղի տվեցին, և Աջափնյակի թիմից հանդբոլիստ հեռացվեց խաղահրապարակից: Թերի թիմով շատ բան փոխել պարզապես հնարավոր չէր: Ի վերջո, Ալավերդիի հավաքականը հաջողության հասավ  31:26 հաշվով: Թիմի կազմում լավագույնը Արթուր Պապոյանն էր, որը 19 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Հանդիպումից հետո Ալավերդիի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Հակոբյանը հայտնեց, որ թիմը հաղթել է մրցակացական ավելի շատ փորձ ունելու հաշվին:

Այսպիսով, մեկնարկային օրն ընդգծվեցին եզրափակիչ փուլի մրցաշարի առաջատարները` ԽՄՕՄՄ-ի, Վանաձորի, Ալավերդիի հավաքականները:

Վաղը կկայանան ԼՂՀ-Վանաձոր, ԽՄՕՄՄ-Ալավերդի, ՀՄԴ-Աջափնյակ հանդիպումները: 

Նույն շարքից