Սպորտ 

Հայաստանի սպորտի նախարարն ընդունել է Արթուր Աբրահամին

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն երեկ ընդունել է այս օրերին Երևանում գտնվող պրոֆեսիանալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO-ի տարբերակով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին՝ Ավետիք Աբրահամյանին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը, ողջունելով աշխարհի չեմպիոն Արթուր արքային, նշել է, որ մշտապես հետևում է նրա մրցելույթներին և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու տարածմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով բացվելու է  բռնցքամարտի դպրոց:

Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցամարտերի մասին:

Հանդիպման ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը միջազգային մրցաբեմերում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել Արթուր Աբրահամին:

Նույն շարքից