Սպորտ 

Հայաստանի պատանի հանդբոլիստների առաջնությունում հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները

analitik.am

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Եթե չեմպիոնը՝ Ալավերդիի հավաքականը անհասանելի էր դարձել առաջնության ավարտից մեկ տուր առաջ, ապա մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցնողները  որոշվեցին վերջին տուրի խաղերից հետո:

Այսօր առաջինը խաղահրապարակ դուրս եկան Լոռու մարզի երկու թիմեր՝  Ալավերդիի և Վանաձորի հավաքականները: Վանաձորի ներկայացուցիչների համար հաղթանակը կարևոր էր, քանի որ հեռանկար էր ստեղծվում անգամ 2-րդ մցանակակիր դառնալու համար: Խաղն անզիջում պայքարում ընթացավ: Առաջին խաղակեսն իր օգտին գրանցեց Ալավերդիի հավաքականը՝ 18:16 հաշվով:Վանաձորցիները թևաթափ չեղան, շարունակ հետապնդողի դերում էին, սակայն  առաջ անցնել նրանց չհաջողվեց: Ի վերջո, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 29:29 հաշիվը:

Լարված բնույթ կրեց նաև նույնպես մրցանակային տեղերի հավակնող Աջափնյակի և ԽՄՕՄՄ-ի պատանի հանդբոլիստների մրցավեճը: Ի վերջո, աջափնյակցիներն առավելության  հասան 33:28 (16:11) հաշվով:

Թեև ԼՂՀ-ի և ՀՄԴ-ի ներկայացուցիչները մրցանակային տեղի չէին հավակնում, քանի որ նախորդ բոլոր խաղերը տանուլ էին տվել, սակայն այս թիմերի միջև էլ  սկզբունքային պայքար ծավալվեց վերջի տեղին հրաժեշտ տալու համար: Առաջին խաղակեսն ավարտվեց 15:15 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ՝ 29:28 հաշվով հաղթեց ՀՄԴ-ի թիմը:

Այսպիսով, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ՝  1. Ալավերդի (9 միավոր), 2. Աջափնյակ (8), 3.Վանաձոր (6), 4. ԽՄՕՄՄ (5), 5. ՀՄԴ (2), 6. ԼՂՀ (0):

Չեմպիոն թիմի՝ Ալավերդիի հավաքականի, գլխավոր մարզիչ Աշոտ Հակոբյանը հայտնեց, որ գոհ է իր սաների մրցելույթից:  5 խաղացող 12-13 տարեկան է, հեռանակարային և հույս ունի, որ  այս թիմի  մի շարք անդամներ  հետագայում բարձրակարգ խաղացողներ կդառնան, կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը:

Նույն շարքից