Սպորտ 

ՀԱՕԿ-ի երկու պատվիրակ կուղևորվի Բաքու

2015-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալու են Եվրոպայի օլիմպիական խաղերը: Համալիր այդ ստուգատեսին, որը կազմակերպվելու առաջին անգամ, հնարավոր է մասնակցեն նաև Հայաստսնի պատվիրակները:

Եվ ահա, նոյեմբերի   21-22-ին  Բաքվում  կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  43-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված  հարցերից  կարևորագույնը Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերի կազմակերպումն է: Նստաշրջանի աշխատանքներին  կմասնակցեն  նաև  Հայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը   և   վարչության պետ  Վաղինակ Գալստյանը: Մեր երկրի ներկայացուցիչներն առաջին հերթին պետք է հաստակեցնեն, թե անվտւանգության ինչ երաշխիքներ կարող են ստանալ, եթե Հայաստանի պատվիրակները 2015-ին Բաքու ժամանեն:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաները, կծանոթանան նախապատրաստական աշխատանքների ընթացքին և այլն:  

Հավելենք, որ վերջերս Երևան այցելած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը պարզաբանել էր, որ եթե անգամ մեր երկիրը մարզիկներ չուղարկի Ադրբեջան, պատժամիջոցներ չեն կիրառվի: Նա պարզապես հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունը միջոցառումն ավելի ուշագրավ կդարձնի:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկայնն էլ հայտնել էր, որ մերոնց մասնակցության հարցը կվճռվի Հայաստանի տարբեր մարզաձևերի մարզիչների, նրանց սաների հետ անցկացվելիք քննարկումից հետո:

Հավելենք, որ Բաքվում մրցասպարեզ են դուրս գալու 20 մարզաձևերի ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսում Հայաստանը մեծ հնարավորություններ ունի մեդալներ նվաճելու:

Ի դեպ, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են, որ ոչ միայն պատրաստ են Բաքու գնալ, այլև պարտավորվում են 2 մեդալ նվաճել:

 

 

 

Նույն շարքից