Սպորտ 

Լիմասոլի մրցահարթակում` Հայաստանի 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի

analitik.am

Նոյեմբերի 23-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կմեկնարկեն մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների ու ծանրորդուհիների Եվրոպայի առաջնության մրցաշարերը:

Նոյեմբերի  21-ին Հայաստանի պատվիրակությունն ուղևորվել է մրցավայր: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի :
Մինչև 23 տարեկանների պաքարին կմասնակցեն 21-ամյա Սմբատ Մարգարյանը (56 կգ), Հակոբ Մկրտչյանը (77 կգ), գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Նրանք մի քանի օր առաջ հանդես էին եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Լավագույն արդյունքը ցույց էր տվել Մարտիրոսյանը: Նա երկամարտի 396 (183+213) կգ արդյունքով 38 մասնակիցների պայքարում զբաղեցրել էր  7-րդ տեղը:
Մինչև 20 տարեկանների պայքարին կմասնակցեն Րաֆֆի Գալստյանը, Գևորգ Բաղդասարյանը (երկուսն էլ` 62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Մկրտիչ Մկրտչյանը, Գարուշ Ղուկասյանը (երկուսն էլ` 94 կգ) և Մհեր Պողոսյանը (105 կգ):
Մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում կարողությունները կփորձեն Իզաբելա Յայլյանը (63 կգ) և Տաթև Հակոբյանը (69 կգ):

Հավելենք, որ Յայլյանը նույնպես հանդես է եկել Ալմաթիում կայացած  աշխարհի առաջնությունում և երկամարտի 207  (97 +110) կգ ցուցանիշով 40 մասնակիցների պայքարում զբաղեցրել 19-րդ տեղը: Հուսանք, որ այս անգամ նա ավելի հաջող հանդես կգա:

Նույն շարքից