Սպորտ 

Պատվիրակություն Բաքու ուղարկելու վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո

analitik.am

Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի հետ կապված:

ՀԱՕԿ-ի ներկայացրած պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. 

«Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաև մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:

 Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս  շետել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:

Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարեւորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

Դեռ այս տարվա հոկտեմբերին Երևանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել էր, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների  կարծիքը»:

 

 

Նույն շարքից