Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում խաղարկված մեդալներից անմասն չմնացին Հայաստանի ներկայացուցիչները:
Մարտական սամբոյի 74 կգ քաշային մարզիկների մրցավեճում, հաղթելով ղազախ Անգասան Կուսայնովին, թուրքմեն Աբդիլա Բաբաևին, մոնղոլ Ամարթուվշին Խուխենխուին, բուլղարացի Տիխոմիր Բլագովեստովին, չեմպիոն հռչակվեց Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Մավրիկ Նասիբյանը:
Բրոնզե մեդալակիր դարձավ նույն դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանելյանը: 57 կգ քաշային վանաձորցի Արեն Անտոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:
52 կգ քաշային, արցախցի մարզուհի Սոսե Բալասանյանը ճանաչվեց 7-րդը:
Թիմային պայքարում մեդալների ընդհանուր հաշվարկով առաջինը ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը՝ 11 ոսկե, 7 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը նվաճած 1-ական ոսկե և բրոնզե մեդալով զբաղեցրեց 9-րդ տեղը:
2015-ի սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում: