Սպորտ 

Հանդբոլ` Համահայկական խաղերին ընդառաջ

analitik.am

2015-ի օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերում նորամուտը կնշի հանդբոլը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան քայլեր է ձեռնակել, որ այդ մրցաշարը հավուր պատշաճի անցկացվի: Կազմակերպության նստավայրում կայացավ խորհրդակցություն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, խաղերի նախապատրաստության պատասխանատու, արդեն նաև խաղերի հանդբոլի մրցաշարի գլխավոր մրցավար Արսեն  Մխիթարյանը ներկայացրեց կատարվածը և անելիքները:
Նախատեսվում է, որ խաղերում հանդես կգան Երևանի, Գավառի, Վանաձորի, Ալավերդիի, Ստեփանակերտի (ԼՂՀ), Ֆրանսիայի Լիոն և Մարսել քաղաքների, Ախալքալակի (Վրաստան), Բուենոս Այրեսի (Արգենտինա), Չալդրի (Ռուսաստան) ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են երկու խմբում: Դրանցից մեկի մասնակիցներն ուժերը կչափեն Երևանում, մյուսի` Վանաձորում:
Անզիջում մրցակցություն է սպասվում:

Ակնկալվում է, որ  ուժեղ թիմերով մրցավայր կներկայանան Ֆրանսիայի երկու քաղաքները: Այդ երկրում հանդբոլը բարձր խաղամակարդակ ունի: Ստեփանակերտում ևս այս մարզաձևի ուժեղ խաղացողներ կան, նույնը կարելի է ասել նաև Վանաձորի  ներկայացուցիչների մասին: Կասկած չկա, որ առաջին տեղի համար կձգտեն պայքարել Երևանի թիմի հանդբոլիստները:  Ի դեպ, մայրաքաղաքի ներկայացուցիչներն արդեն մարզվում, ստուգողական խաղեր են անցկացնում: Ծրագրվում է, որ շաբաթը երեք անգամ հանդբոլիստները պարապելու են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դահլիճում, որտեղ մազումների համար կան բոլոր պայմանները:
Խնդիր է, թե ովքեր են սպասարկելու հանդիպումները: Հայաստանից այդ պատիվը կվստահվի 4 մասնագետի: Սպասվում է, որ 2-ական մրցավար կժամանեն նաև ֆրանսիայից և Ռուսաստանից:
Ի դեպ, մարտին ծրագրվում է Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել հանդբոլի մեծահասակների մրցաշար, որին կմասնակցեն Դավիթաշենի, Աջափնյակի, Շենգավիթի, ՖԻՄԱ-ի և Հայաստանի ուսանողական հավաքականները: Հաղթող թիմին իրավունք կվերապահվի Երևանը ներկայացնել խաղերում:

Նույն շարքից