Տնտեսություն 

Դատարանը կպատժի առևտրականներին շանտաժի ենթարկած էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին

Եթե էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները շանտաժի են ենթարկել առևտրականներին, դատարանը նրանց կպատժի: Այդ մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով «Ոսկու շուկայի» աշխատակիցների  բողոքի ակցիան:


Նա ընդգծել է, թե նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը շուկայում ստուգումներ է իրականացնում սովորական պարբերականությամբ: «Ոսկերիչներն ու առևտրականները տուգանվում են միայն այն դեպքում, երբ դրոշմն ընդհանրապես չկա: Հայտարարությունները, թե դրոշմը լավ չի երևում կամ ոչ ամբողջությամբ է դրոշմվել, կարելի է քննարկել միայն կազմված արձանագրությունների հիման վրա»,- ասել է նախարարը: Նա հավելել է, թե տեսչությունը ստուգում է ոչ միայն առևտրականներին, այլև դրոշմավորողներին: Անորակ աշխատանքի համար նրանք էլ են տուգանվում: Ըստ նախարարի, առևտրականներն ու արտադրողները պետք է շահագրգռված լինեն դրոշմի առկայութան մեջ, քանի որ այն շատ էժան արժե՝ 100-300 դրամ, իսկ դրա բացակայության համար տուգանքը սկսվում է 50 հազարից ամեն առարկայի համար:


Դիտարկմանը, թե տեսչության աշխատակիցները բանավոր կերպով աշխատակիցներից մինչև երկու միլիոն դրամ են պահանջում, նախարարը պատասխանել է. «Ես կարող եմ կոչ անել, որ չվճարեն և չենթարկվեն շանտաժի, քանի որ դրոշմի բացակայության դեպքում առավելագույն տուգանքը կազմում է 500 հազար դրամ: Եթե նման դեպքեր իսկապես եղել են և ականատեսները կարող են վկայել, կարելի է դատական կարգով մեղադրել մեր աշխատակիցներին և նրանք կպատժվեն»:

Նույն շարքից