Միջազգային 

Կիևում ավտոմեքենաների հրկիզման կազմակերպման մեջ կասկածում են ընդդիմությանը

analitik.am

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավտոմեքենաների միտումնավոր հրկիզման մեջ կասկածյալը գումար և հրահանգ է ստացել Արհմիությունների տնից, որը գտնվում է ընդդիմության կողմնակիցների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը, այս մասին հայտարարել է կասկածյալը հարցաքննության ժամանակ: 

Վրաստանի ձերբակալված 26-ամյա քաղաքացու խոսքերով՝ ինքը Ուկրաինա է ժամանել շուրջ երկու ամիս առաջ՝ աշխատանք որոնելու նպատակով, և ծանոթացել է մի տղամարդու հետ, ով իրեն առաջարկել է 600 գրիվեն ավտոմեքենաների հրկիզման համար: Տղամարդը նշել է, որ Արհմիությունների հինգերորդ հարկից դիմակավոր անձանց կողմից ստացել է գումար, հրկիզման ենթակա ավտոմեքենաների ցանկը և բենզին:

Միևնույն ժամանակ ՆԳՆ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նախօրեին ոստիկանության հետ խոսելիս ձերբակալվածն ասել է, որ յուրաքանչյուր կատարված պատվերի համար իրեն և իր համախոհին խոստացել են վճարել 300 գրիվեն, և չի հիշատակել Արհմիությունների տունը: Նրա խոսքերով՝ հասցեների և ավտոմեքենաների ցանկն իրեն տվել են հունվարի 31-ին:

Կիևում ավտոմեքենաների զանգվածային հրկիզման մասին ոստիկանությունը հայտարարել է հունվարի 30-ին: Իրավապահների տվյալներով՝ մեկ օրում մայրաքաղաքում հրկիզվել է 23 մեքենա:

Նույն շարքից