Միջազգային 

ԱՄՆ-ը ու Կուբան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

 ԱՄՆ-ի և Կուբայի նախագահները համաժամանակյան ասուլիս են սկսել ուղիղ եթերում՝ հայտարարություններով հանդես գալով՝ Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերությունների բարելավման, փոփոխության մասին:

 

Օբաման, մասնավորապես, հայտարարել է, որ ինքը նախօրեին այս թեմայով արդեն խոսել է Կուբայի նախագահի հետ: Իր հայտարարության մեջ Օբաման նկատել է, որ լարված հարաբերությունների հիսուն տարին ցույց են տվել, որ մեկուսացումը լուծում չէ: Ըստ Օբամայի՝ Վաշինգտոնը ծրագրում է վերաբացել իր դեսպանատունը Հավանայում:

 

ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Կուբայի ժողովրդի «հզորությունից», միաժամանակ ասել, որ ոչ ոք ավելի լավ չի ներկայացնում ամերիկյան արժեքները, քան ամերիկացի ժողովուրդը ու կօգնեն Կուբային:

 

Օբաման խոսել է նաև պատանդների փոխանակման մասին, նկատել, որ ամերիկյան սահամնափակումները ծանր են նստել կուբացիների վրա:

 

Օբաման առիթից օգտվելով՝ աշխարհի առաջնորդներին կոչ է արել ԱՄՆ-ի պես հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին: Նա ելույթն ավարտել է շնորհակալության խոսքով և Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգներն» արտահայտությամբ:

 

 Ռաուլ Կաստրոն ասել է, որ Կուբան ողջունում է հարաբերությունների վերանայումը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն ազատ է արձակել երեք կուբացու: Իր կողմից նա հայտարարել է, որ Հավանան ազատ կարձակի կուբայական ծագումով մի լրտեսի, որը մեղադրվում էր ԱՄՆ-ի օգտին լրտեսելու համար:

 

Ավելի վաղ Կուբան ազատ էր արձակել Ալան Գրոսին՝ Միջազգային օգնության ամերիկյան գործակալության աշխատակցին, որը հինգ տարի էր, ինչ կուբայական բանտում էր:

 

Կաստրոն հայտնել է, որ Կուբան համաձայնել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Սակայն նա ընդգծել է, որ կողմերի միջև մեծ տարաձայնություններ, այնուամենայնիվ, կան:

 

Հայտնի է, որ Օբաման ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է բանակցություններ սկսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման օգնությամբ:

ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերություններ խզվել էին 1961-ին: Այժմ միջազգային մամուլը այս շրջադարձը «պատմական» է անվանում:

 

Մամուլի փոխանցմամբ հարաբերությունների բարելավման նախաձեռնությանը գործուն մասնակցություն է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

 

Ռուսաստանյան մամուլը տեղեկացնում է, որ Վաշինգտոնը Մոսկվային տեղյակ պահած է եղել Հավանայի հետ իր հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ- Կուբա հարաբերությունների վերանայումը:

 

ԱՄՆ - Կուբա հարաբերությունների հնարավոր կարգավորումը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

 

 

Նույն շարքից