Տնտեսություն 

Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ. Սերժ Սարգսյան

analitik.am

Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, եւ՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր, տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:


Նա իր խոսքում նաեւ ասել է.


«Իհարկե, Մաքսային միության մասով դեռեւս կխոսեմ եւ հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետեւ մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների եւ հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել եւ նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետեւ գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի եւ այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որեւէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:


Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, եւ այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության եւ նրա տարբեր հատվածների շահերը:


Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին եւ որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում եւ շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության եւ այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, եւ հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում եւս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որեւէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»:


Նույն շարքից