Տնտեսություն 

Յանուկովիչը Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը կստորագրի դեկտեմբերի 17-ին

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը ստորագրել դեկտեմբերի 17-ին։  Այս մասին դեկտեմբերի 7-ի ճեպազրույցում հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության  առաջնորդ Արսենի Յացենյուկը։


«Մեր տվյալով՝ նա պատրաստվում է համաձայնագիրը ստորագրել դեկտեմբերի 17-ին», - հայտարարել է Յացենյուկը։


Ըստ ընդդիմության տեղեկությունների՝ համաձայնագրի տեքստը պատրաստ է, նախաստորագրված է, բայց առայժմ չի ստորագրվել։


Բացի դրանից, Յացենյուկը հիշեցրել է, որ նման մակարդակի փաստաթղթերը պետք է վավերացվեն Գերագույն Ռադայում. «Սակայն այդ փաստաթուղթը չի վավերացվի»:


Յացենյուկը մարդկանց նաև կոչ է արել միանալ Մայդանի բողոքի ցույցերին: Ըստ նրա՝ հենց դա է Յանուկովիչին հետ պահում այդ համաձայնագիրը ստորագրելուց: 


Մեկնաբանելով Ուկրաինայի եվրոպական գործընկերների կոչերը իշխանության հետ կլոր սեղանի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ՝ Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը «ցանկացած բանակցությունների կգնա իր երեք պահանջները բավարարելու դեպքում՝ կառավարության հրաժարական, Մայդանը ցրելու համար ուժայինների պատժում և բանտարկված ցուցարարների ազատում»:


Հայտնի է, որ ավելի վաղ The Economist-ի խմբագիր Էդվարդ Լուկասը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտարարել էր. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, որը ներառում է Մաքսային միությանն անդամակցելու պարտավորություններ: 


Ավելի ուշ Պուտինի և Յանուկովիչի մամուլի ծառայությունները  հայտարարել էին, որ հանդիպման ժամանակ ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվել, ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվել:

Նույն շարքից