Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ: Պարզվել է նաև, որ կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է:
Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ ընդհանուր արժեքով փայտյա դռներ:
Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերով՝ հարկային իրավախախտման փաստով քաղաքացու նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կասեցվել է ապօրինի գործունեությունը:
Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը: