Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երևան Հայոց ցեղասպանության նախաշեմին հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացման տպավորություն թողնելուն ուղղված քայլ է: Այս մասին դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Արևմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Նա նշել է, թե չպետք է մոռանալ, որ Դավութօղլուն ՀՀ մայրաքաղաք է գալու, որպեսզի մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս համատեքստում դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա:
«Սակայն ես պետք է ասեմ, որ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում վերջին գործընթացները, Թուրքիան ցանկանում է ինչ-որ կերպ հանդես գալ: Այսպես ասած` հիշեցնել իր ներկայության մասին: Սակայն դա, ըստ իս, խոսում է նաև Թուրքիայի կողմից դեպի հետ կատարվող քայլի մասին: Հայաստանի կողմից Ադրբեջանին իբր 2 շրջան հանձնելու վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրելու վերջին փորձն է: Սակայն, ցավոք, դա ՀՀ ԱԳՆ-ի հաղթանակը չէ: Ամենայն հավանականությամբ, դրա պատճառն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` կովկասյան տարածաշրջանում Մոսկվայի հետագա ամրապնդման վերաբերյալ», - նշել է Ալվրցյանը:
Ըստ փորձագետի` Թուրքիան տապալել է Դավութօղլուի «զրո խնդիրներ հարևաների հետ» քաղաքականությունը: Մասնագետը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նախապայմաններով կարգավորելու վերաբերյալ Դավութօղլուի կրկնվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ Անկարայի քաղաքականությունը չի հաջողվել, և Երևանում հանդիպումից հետո Թուրքիան արտաքին քաղաքականության նոր մարտավարություն կմշակի: