Տնտեսություն 

Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրերի իրականացմանը

Լիբանանի նախագահի նստավայրում մարտի 12-ին տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել», – ասել է ՀՀ վարչապետը:

Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է:

Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին:
Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    65
    Shares

Related Articles