Տնտեսություն 

ՊԵԿ-ը հորդորում է` Ամանորին ընդառաջ պահպանել փաստաթղթաշրջանառության կանոնները

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեն 2013-ի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել փաստաթղթաշրջանառության նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներին, ինչի արդյունքում դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրել:


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, ամփոփելով 2013-ի նոյեմբեր ամսվա արդյունքները, ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ Աշոտ Զաքարյանը նշել է, որ մատակարարները դուրս են գրել գնորդի կողմից հաստատված և վավերացված 708428 էլեկտրոնային հարկային հաշիվ, օրական ցուցանիշով` միջինը 23614 հատ: 2012-ի նույն ժամանակաշրջանում դուրս գրված հաշիվները կազմել են 582320 կամ օրական միջինը` 19410 հատ: 2013-ի նոյեմբերին դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը 2012-ի նոյեմբերի համեմատ ավելացել է 126000-ով, իսկ միջին օրական դուրս գրված հաշիվների  քանակը` 4200-ով:


2013թ.-ի նոյեմբեր ամսին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  հայտնաբերվել է շուրջ 121մլն դրամի առանց փաստաթղթերի  ապրանքների  առաքման կամ տեղափոխման 292 դեպք, արդյունքում  կազմվել է 256 վարչական ակտ` մոտ 90մլն դրամ գումարով: Նոյեմբերի  առաջին երկու տասնօրյակներում յուրաքանչյուր օր միջինը հայտնաբերվել է 6 խախտում, 3-րդ տասնօրյակում` արդեն 16, ինչից կարելի է հետևություն անել, որ  Ամանորի տոներին ընդառաջ հիմնականում  սննդամթերք ներմուծող  և արտադրող տնտեսվարողները սկսել են մանրածախ  առևտուր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին  (հատկապես շրջանառության հարկով աշխատող) անփաստաթուղթ ապրանք առաքել թաքցնելով  իրացման իրական ծավալները: ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է.  պահպանել փաստաթղթաշրջանառությանը վերաբերող  օրենքների պահանջները: Աշոտ Զաքարյանի խոսքերով, ավելի խիստ հսկողություն կիրականացվի առանց ուղեկցող փաստաթղթերի կամ սահմանված կարգի խախտումով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվներով  ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու  դեպքերի բացահայտման ուղղությամբ: ՕՀ վարչության աշխատակիցների համար  աշխատանքային  ժամերից բացի, շաբաթ և կիրակի օրերը կհայտարարվեն աշխատանքային` խախտման դեպքերը բացահայտելու համար: Ըստ Աշոտ Զաքարյանի, անփաստաթուղթ  ապրանքներ հայտնաբերելու նպատակով լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարողների մոտ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում շրջանառության հարկով հարկվողները, և ովքեր համարվում են ապրանքների առաքման, տեղափոխման  և իրացման  շղթայի վերջին օղակը:

Նույն շարքից