Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համաձայնել է ցուցմունք տալ ամերիկյան Կոնգրեսին՝ լոնդոնյան Cambridge Analytica ընկերության կողմից սոցցանցի օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Facebook-իիր աղբյուրներին:
Ասվում է, որ այս պահին Facebook-ի աշխատակիցները մշակում են Ցուկերբերգի ցուցմունքների ռազմավարությունը:
ԱՄՆ Կոնգրեսում լսումները տեղի կունենան ապրիլի 10-ին: Նշվում է նաև, որ Ցուկերբերգի համաձայնությունը կարող է ազդեցություն ունենալ Google-ի ղեկավար Սունդար Պիչայի և Twitter-ի ղեկավար Ջեկ Դորսիի վրա, և վերջիններս նույնպես համաձայնեն ցուցմունք տալ: Բոլոր երեքն էլ հրավիրված են Կոնգրեսի լսումներին:
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հրաժարվել էր ցուցմունք տալ բրիտանական պառլամենտին, որը պատասխանատու է Cambridge Analytica-յի հետ կապված գործի հետաքննության համար:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ցուկերբերգը ներողություն էր խնդրել միլիոնավոր օգտատերերից՝ Cambridge Analytica –յի միջոցով անձնական տվյալների արտահոսքի համար: Մարկը ներողությունը տարածելու համար գնել էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խոշորագույն թերթերի շապիկները:
Նշենք նաև, որ մարտի 24-ի գիշերը Cambridge Analytica-յի լոնդոնյան գրասենյակում դատարանի որոշմամբ խուզարկություն էր անցկացվել: Կազմակերպությանը մեղադրում են նրանում, որ այն առանց համաձայնության օգտագործել է ավելի քան 50 միլիոն Facebook օգտատերերի անձնական տվյալները՝ ընտրողների քաղաքական նախասիրությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար: Ի պատասխան այս մեղադրանքի՝ Cambridge Analytica-ն հայտարարեց կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Նիկսի լիազորությունների դադարեցման մասին:
Ենթադրվում է, որ այս տվյալները կարող են օգտագործված լինել 2016-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի ժամանակ: