Այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին և որով ՀՀ-ին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար վարկ:
Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով, ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում իրականացվել են: Ավելին, տնտեսված գումարների հաշվին կատարվում են չնախատեսված` լրացուցիչ աշխատանքներ: Մասնավորապես, 2017 թվականին տնտեսված գումարների հաշվին մեկնարկել են Մեղրիի ինքնահոս համակարգի աջ ճյուղի կառուցման աշխատանքները` 575 մլն դրամ արժողությամբ, որի արդյունքում էլեկտրաէներգիայի տնտեսումը կկազմի 1,7 մլն կվ/ժամ, տարեկան շուրջ 68 մլն դրամ արժեքով:
Ըստ Արսեն Հարությունյանի` լրացուցիչ վարկի պարագայում Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցման արդյունքում ստեղծված հզորությունները հնարավորություն կտան բարելավելու շուրջ 573 հա ոռոգվող տարածքների ջրամատակարարումը, ապահովելու տարբեր մշակաբույսերի բերքատվության աճ 11-ից 14 %-ի չափով, տնտեսելու 5 մլն խմ ջուր, ինչպես նաև էլեկտրաէներգիա:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: