«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ 7 տոկոս տնտեսական աճը հասարակությունը չէր կարող իր վրա չնկատել, իսկ թե ինչու դա չի նկատվել, մի քանի պատճառներ կան:
Այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պիպոյանը նշեց, որ նվազագույն զամբյուղ ասված կա, որը, ըստ էության, նախատեսված է կենսաթոշակառուի և նվազագույն աշխատավարձ ստացողի համար. «Մենք նվազագույ զամբյուղում 7,5 տոկոս գնաճ ունենք, սակայն դրան զուգահեռ այն մարդիկ, ում համար կա այդ զամբյուղը, եկամուտների աճ չունեն»:
Պիպոյանի խոսքերով, երբ տնտեսական ցուցանիշներն արհեստականորեն են ակտիվացվում, այն չի ստեղծում էֆեկտը, որը պետք է ստեղծեր. «Տնտեսական աճ որևէ կերպ չի կարող արտապատկերել իրականությունը: Բացատրեմ, թե ինչու: Ենթադրենք մենք ունենք անտառ, որը պլանավորել ենք արտահանել 10 տարում: Եթե մենք 1 տարում դա անենք, տնտեսական պիկ կունենանք: Նույնը կարող ենք ասել մոլիբդենի մասով: Հետո անկումն անխուսափելի է լինելու»:
Պիպոյանը խոսեց նաև բուքմեյքերական գրասենյակների մասին. «Այն, որ բուքմեյքերական գրասենյակները սկսել են պետությանն ավելի շատ փող տալ, դա նշանակում է, որ քաղաքացու կյանքն ավելի լավացե՞լ է, թե՝ վատացել: Կա վիճակագրություն, որ լոտոներն ու վիճակախաղերն այն հասարակություններում են լայն տարածվում, որտեղ հույս չունեն և հույսները դրել են վիճակախաղերի վրա: Այսինքն այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ քաղաքացու կյանքը վատացել է»: