Տնտեսություն 

Ամանորյա սեղանի համար 150-200 հազար դրամը բավական է

analitik.am

Ամանորյա տոնական սեղան պատրաստելու համար միջինում անհրաժեշտ է 150-200 հազ. դրամ՝ 30 հյուր ընդունելու համար: Նման հաշվարկ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Լրագրողների այն արձագանքին, թե իրականում բնակչության մեծ մասն ավելի շատ է ծախսում, նա ասաց, որ իր ներկայացրածը «պատվով սեղանի» համար է։

«Սա պատվով սեղան ունենալու գինն է, և մենք վերցրել ենք ապրանքների միջին գները: Իհարկե, եթե մարդը որոշի ձկնկիթ դնել սեղանին, ձկնեղենի տեսականի, ապա, իհարկե, այդ գումարը չի հերիքի, բայց կարելի է նաև 2 մլն դրամից ավելի ծախս անել»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այդ հաշվարկի մեջ ներառվել են խոզի ազդրամիսը, տավարի միսը, խմիչք, հյութեր, քաղցրավենիք, թարմ ձուկ և այլն:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ինքը ծախսելու է 220 հազար դրամ, քանի որ սիրում է էկզոտիկ խմիչքներ գնել: Ինչ վերաբերում է ամանորյա զեղչերին, ապա Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այս ոլորտում պետք է ուսումնասիրություն իրականացնել, քանի որ մի շարք խանութներում դրանք իրական չեն:

«Ունենք այնպիսի կետեր, որտեղ զեղչերը իրական են և հակառակը: Չեմ ուզում խանութի անունը նշել, բայց եղել է, որ տեխնիկա վաճառվող խանութում հեռուստացույցը սեպտեմբերին արժեցել է 240 հազ. դրամ, հիմա վաճառվում է 243 հազ. դրամով, բայց գրված է 30% զեղչ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա Բաբկեն Պիպոյանը կանխատեսեց, որ Ամանորին ընդառաջ հնարավոր են թանկացումներ հատկապես պտուղ-բանջարեղենի շուկայում: «Մսամթերքը չի թանկացել և չի էլ թանկանա, սակայն եթե այսօր դա դրական է, ապա հետագայում հնարավոր է բացասական երևույթների հանգեցնի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը և պազաբանեց, որ այսօր գյուղացին մորթում է կենդանիներին, որովհետև այլևս չի կարողանում պահել և այս տեմպով շարունակելու դեպքում առաջանալու է դեֆիցիտ ինչը հետագայում բերելու է գնաճի:

Նույն շարքից